04/03/2023 09:46
«Ժողովուրդ». Իշխանությունը ևս հովանավորո՞ւմ է ՍԴ դատավորի ապօրինությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել:
Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 ձայն, ՔՊ-ականները ևս պետք է կողմ քվեարկեն:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն ասացին, որ դեռ չեն քննարկել այս հարցը, վերջնական որոշում չունեն, բայց առավել հակված են հավանություն չտալ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագծին: Ի վերջո, Սեդա Սաֆարյանին հենց ՔՊ-ն է գործուղել ՍԴ, վերջինս իշխանության «սրտի դատավորն» է, ուստի առավել հավանական է, որ ՔՊ-ականները չեն միանա ընդդիմության նախագծին:
ՔՊ-ականները տարբեր առիթներով հայտարարում են, թե Սեդա Սաֆարյանի արարքի մեջ որևէ հանցակազմ չկա։ Ստացվում է՝ իշխանությունը ևս հովանավորում է ՍԴ դատավորի ապօրինությունները»։