05/03/2023 15:40
Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր
Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող և վիրավորվել մեկ այլ ծառայող:
Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր: Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:
Կից լուսանկարներում երևում է դեպքի վայրը և վնասված դատարկ մեքենան:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր: