06/03/2023 20:52
Ֆանկոնիի անեմիա. Հիվանդության ախտանշաններն ու բուժումը
Ֆանկոնիի սակավարյունությունը արյունաստեղծման բնածին խանգարում է և բնորոշվում է պանցիտոպենիայով, արյունաստեղծման ընկճումով և բազմաթիվ բնածին արատներով:
Հիվանդության ժառանգումը ռեցեսիվ տիպի է, կարող է լինել նաև ծնողներից մեկի մոտ քրոմոսոմների ռեցիպրոկ տրանսլոկացիայի առկայության հետևանք: Բջջագենետիկ հետազոտության արդյունքում, հատկապես դիէպօքսիբութանային թեստի միջոցով հայտնաբերվում են քրոմոսոմների հավաքածուի յուրահատուկ տիպեր և քրոմոսոմային անկայունություն:
Հիվանդությունը սկսվում է 4-10 տարեկանում․ առավելապես հիվանդանում են տղաները: Բնորոշ են ցածրահասակությունը, գանգի փոքր չափերը, կմախքի զարգացման արատները (դաստակի առաջին մատի բացակայություն կամ կարճացում, նախադաստակի ոսկրերում ոսկրացման կենտրոնների բացակայություն, ճաճանչոսկրի բացակայություն կամ կարճացում, ազդրային հոդերի բնածին հոդախախտ, ծուռթաթություն):
Նկարագրվում է նաև մելանինի կուտակման արդյունքում ախտաբանական բծավոր տիպի պիգմենտավորում: Նյարդային տիպի շեղումներից կարող են լինել շլությունը, ակնաճեղքերի նեղացումը, վերին կոպի իջեցումը, խլությունը, մտավոր թերզարգացումը, միզասեռական օրգանների թերզարգացումը, կրիպտորխիզմը, հիպոսպադիան, առնանդամի և ամորձիների տեղակայման շեղումները, երիկամների ապաճը, ավազանի և միզածորանի երկատումը, երիկամների բազմակիստայությունը և այլ հետևանքներ: Հաճախակի դիտվում են նաև սրտի բնածին արատներ:
Ծայրամասային արյան պատկերը բնորոշվում է ռետիկուլոցտների բացարձակ քանակի նվազումով, լեյկոցիտների և գրանուլոցիտների քանակների իջեցումով․ երբեմն կարող են հանդիպել սակավաթիվ մեծ տրամագծով էրիթրոցիտներ, թիրախանման էրիթրոցիտներ, կորիզավոր էրիթրոբլաստներ և նորմոբլաստներ: Էրիթրոցիտներում բարձր է ֆետալ հեմոգլոբինի պարունակությունը: Ոսկրուղեղը կարող է լինել բարձր կամ նորմալ բջջայնության՝ պլազմատիկ բջիջների և մաստոցիտների մեծ քանակով:
Հիվանդության հարաճուն զարգացմանը զուգահեռ ոսկրուղեղի բջջայնությունը շեշտակի նվազում է:
Ֆանկոնիի սակավարյունության ժամանակ իմունաճնշիչ բուժումը գրեթե անարդյունավետ է: Վերջին տարիներին մասնագետները խոսում են դրական արդյունքով իրականացված ոսկրուղեղի փոխպատվաստման արդյունավետության մասին: Որոշակի դրական, բայց կարճատև արդյունք է դիտվում նաև անդրոգենների օգտագործումից:
Հիվանդության մահացու ելքի պատճառներն են վարակային բարդությունները և արյունահոսությունները: ՖՍ ծամանակ բարձր է սուր միելոբլաստային լեյկոզով և այլ ուռուցքային հիվանդություններով հիվանդացության հավանականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։