06/03/2023 19:50
Հորմոնային փոխարինող բուժում. Օգուտներ և հակացուցումներ
Հորմոնային փոխարինող բուժումը հորմոնային տարբեր բուժումների հավաքական անվանումն է, որոնց նպատակը բնական հորմոնային անբավարարությունն արհեստական հորմոնով փոխլրացնելն է։
ՀՓԲ հիմնական տեսակները ներառում են արհեստական հորմոնները՝ էստրոգեն, պրոգեստերոն և տեստոստերոն։
Դաշտանադադարի ընթացքում հորմոնների մակարդակները սկսում են տատանվել՝ կտրուկ բարձրանալ կամ նվազել, որոնք էլ ակտիվացնում են գիշերային քրտնարտադրության գործընթացը։ ՀՓԲ-ն օգնում է հորմոնների մակարդակների կարգավորմանը, որի շնորհիվ մեղմանում են դաշտանադադարի ախտանիշները։
ՀՓԲ կարող է նշանակվել՝
որպես հաբեր,
մաշկով ներծծվող գելով կամ սպեղանիներով,
ներհեշտոցային քսուքներով,
ներարգանդային միջոցներով։
ՀՓԲ–ի այլ օգուտներից են տրամադրության և քնի կարգավորումը, կնոջ լիբիդո էներգիայի վերականգնումը։ Որոշ կանանց մոտ նաև կարող են մեղմանալ հոդացավերը և հուզական անկայունությունը:
ՀՓԲ որոշ տեսակները կարող են քիչ բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի և թրոմբոզների (ոտքերում կամ թոքերում արյան մակարդուկների) ռիսկը։ Սակայն, ՀՓԲ-ն նաև կարող է կանխարգելել որոշ հիվանդությունները՝ օստեոպորոզ, սրտանոթային հիվանդություններ, դիաբետ և քաղցկեղի որոշ տեսակներ։
Որոշ կանանց մոտ ՀՓԲ-ն կարող է բերել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ սրտխառնոց, օրգանիզմում հեղուկների պահում և այտուցներ, որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ), կրծքագեղձերի պնդացում, այտուց, անկանոն դաշտանային ցիկլ, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում մեղմանում կամ վերանում է։
ՀՓԲ խորհուրդ չի տրվում, եթե հիվանդի մոտ առկա է՝
կրծքագեղձի քաղցկեղ,
արգանդի քաղցկեղ,
սրտային հիվանդություն,
արյան մակարդելիության խանգարումներ և թրոմբոզներ,
ինսուլտ,
ձվարանի քաղցկեղ,
ոչ նորմալ լյարդի գործունեություն,
լեղապարկի հետ կապված խնդիրներ,
բարձր խոլեսթերին,
դիաբետ,
բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։
ՀՓԲ-ի հետ կապված ռիսկերը կախված են տարիքից, փոխարինող բուժման տեսակից, այդ բուժման տևողությունից և ընդհանուր առողջական վիճակից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։