06/03/2023 12:17
Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան ներթափանցել է արտերկրից. հիվանդներից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակներ. Անահիտ Ավանեսյան
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել, լրագրողների հետ հանդիպմանն իրավիճակը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ասաց, որ բոլոր պացիենտների վիճակը միջին ծանրության է, բոլորը գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ։
«Հիվանդներից 15-ը երեխա են, 5-ը՝ մեծահասակներ»,- նշեց նախարարը։
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք։
Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ինքը՝ Ավանեսյանը։ Իրականացվում են հրատապ միջոցառումներ, նաև որոշակի փոփոխություններ են իրականացվում՝ ակտիվացնելու պատվաստումները։
«Շատ կարևոր է վաղ հայտնաբերումը, կոնտակտավորների հստակ պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների պատվաստումը ու նրանց մեկուսացումը»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը պատվաստումն է։
Սահմանված է երկու դեղաչափով պատվաստում. առաջինը մեկ տարեկան երեխաներին, 2-րդ դեղաչափը՝ 4-ից մինչև 6 տարեկան։
Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է։