06/03/2023 14:23
Իմ տեղեկություններով՝ կարմրուկի տարածումը ներհիվանդանոցային է եղել. տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել:
«Իմ տեղեկություններով՝ տարածումը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել հիվանդ երեխայից մյուսներին։ Նաև մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը, ինչն, ինքնին, ցավալի է»,- նշել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բուժաշխատողները կոչված են օգնելու հանրությանը, որ դիմակայեն հիվանդություններին, բայց «երբեմն նրանք էլ են տուրք տալիս դավադրապաշտական տեսություններին»։
«Փաստորեն, ոչ միայն իրենք չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, այլև ուրիշներին կոչ են անում չպատվաստել։ Փաստացի, մենք ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ»,- ասել է ՔՊ-ականը։
Նախկին նախարարը կոչ է անում պատվաստվել կարմրուկի դեմ ու վստահել միայն պաշտոնական լրահոսին։
«Մենք ձեզ ապացուցել ենք, որ ոչինչ չենք թաքցնում»,- հավելել է Արսեն Թորոսյանը։
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել էր, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք։