06/03/2023 12:43
«Ես իմ կյանքում ամենակարևոր բանն եմ կորցրել». Արթուր Վանեցյանը՝ ընդդիմադիր պայքարի և առաջնորդության պատասխանատվության մասին
Մարդիկ, երբ դուրս են գալիս փողոց, պատկերացնում են, որ անմիջապես պետք է հասնեն նպատակին։ Մարդն ուզում է արագ հասնել իր նպատակին, բայց սա պայքար է, պայքար է երկրի համար, ապագայի համար։ Իմ պայքարը երբեք չի եղել իշխանության համար, 24News-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Արթուր Վանեցյանն ի՞նչ պետք է անի, որ չի արվել, կամ ի՞նչ պետք է անի, որ չեն կարողանում անել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
«Եթե իմ պայքարը լիներ իշխանության համար, ես իշխանության մեջ էի և որևէ պարագայում դուրս չէի գա և չէի անի այն հայտարարությունները, որոնք արել եմ։ Ընդդիմությունն, իհարկե, պետք է ձգտի իշխանության, բայց ես չպետք է ասեմ, թե ձգտում եմ իմ իշխանությանը։ Ասում եմ, որ այս պահին պատրաստ եմ աջակցել, օգնել, ինքս վերցնել այդ պատասխանատվությունը, որպեսզի սրանց կարողանանք օր առաջ քշել, որովհետև սրանք ուղղակի պատուհաս են մեր երկրի գլխին։
Ժողովուրդը հիասթափվում է պայքարից։ Մի կոպիտ օրինակ եմ ուզում բերել. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության ողջ ընթացքում ինչ է արել. ինքը ցույց է տվել, որ ցանկացած քայլի գնում է իր իշխանությունը պահելու համար»։
Վանեցյանը հիշեցրեց ԱԺ ամբիոնից վարչապետի արած հայտարարությունը, թե պատերազմն անխուսափելի էր, նույն իրավիճակն էր լինելու՝ առանց զոհերի, բայց եթե ինքը գնար զիջումների, իրեն դավաճան կասեին, դա վտանգ կստեղծեր իր իշխանության համար․
«Այս մարդը գիտակցելով, որ լինելու է նույն իրավիճակը, պատասխանատվություն չի ունեցել, որոշում չի կայացրել, տարել, զոհել է մի սերունդ, որպեսզի պահպանի իր իշխանությունը։ Հիմա ինչ-որ մեկին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր խաղաղ փողոցային ակցիաներից, երթերից, ելույթներից պետք է հուզվի ու ասի՝ եկեք, իշխանությունը վերցրեք։
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ինչքան մարդ զոհել է սահմանին իր իշխանությունը պահելու համար, նույնքան էլ Երևանի կենտրոնում զոհեր բերել, որպեսզի պահի իր իշխանությունը»։
Դիտարկմանը, թե կարո՞ղ է խնդիրն այն է, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի պես նպատակասլաց չի և հանուն իր նպատակի պատրաստ չի գնալ որոշ քայլերի՝ Վանեցյանն արձագանքեց․
«Կարծում եմ, որ ընդդիմությունը նախևառաջ պատասխանատու է. պատասխանատու մարդիկ են։ Մարդկանց տանես արկածախնդրության՝ ո՞վ է այդ պատասխանատվությունը վերցնելու իր վրա։ Ես պատրաստ եմ զրկանքների, կորցրել եմ շատ բաներ, դուրս եմ եկել կոմֆորտ զոնայից, ես իմ կյանքում ամենակարևոր բանն եմ կորցրել, որն ունեցել եմ։ Ես ողջ կյանքս ծառայել եմ ազգային անվտանգության մարմիններում, և այդ ծառայությունն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, որին ստիպված գնացել եմ, այլ դա եղել է իմ կյանքը, ապրելակերպը։ Եվ ես հրաժարվել եմ այդ ամենից և ընտրել եմ այն ճանապարհը, որը շատ քարքարոտ է և փշոտ»։
Հարցին, թե «Հայրենիք»-ն այլևս չի՞ պատրաստվում համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ նախկինում համագործակցել է՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց.
«Հենց նման բաներ են խոսում և ընդդիմությանը սկսում են տարանջատել, ես ասում եմ, որ դա իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է։ «Հայրենիք» կուսակցությունն առանձին միավոր է, «Հանրապետականն»՝ առանձին, նույնը վերաբերում է բոլորին։ Ես, շփվելով բոլորի հետ, վստահեցնում եմ, որ ընդդիմության վերջնանպատակը նույնն է՝ ազատել երկիրը ՔՊ-ից»։