06/03/2023 13:44
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է:
Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: