06/03/2023 21:06
«Ուրարտուն» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, Հյուրերի կազմում առաջին կեսում խփած գնդակներով աչքի են ընկել կիսապաշտպան Ալասանա Դումբիան և հարձակվող Սամիր Կոնեն: Երևանյան թիմի կազմում մեկ գնդակ ետ է բերել Ռազմիկ Հակոբյանը՝ 89-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Այս հանդիպումից հետո «Շիրակը» 24 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Արարատը» մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր:
Զուգահեռ ընթացող խաղում «Ուրարտուն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Նոային» և խաղավարտին խփած երկու գոլի շնորհիվ հաղթանակ է տարել:
Հյուրերի կազմում հաշիվը 89-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Նարեկ Գրիգորյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
«Նոան» 60-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով, երբ երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտից հեռացվել է թիմի պաշտպան Սերգեյ Մուրադյանը:
«Ուրարտուն» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 53 միավոր: «Նոան» 15 միավորով եզրափակում է աղյուսակը: