06/03/2023 16:50
Լույս է ընծայվել Կ․ Պոլսի պատրիարքի «Երկու ուխտավոր» պատմավեպի ռուսերեն թարգմանությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունից հայտնում են, որ լույս է ընծայվել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արք․ Մաշալյանի «Երկու ուխտավոր» պատմավեպի ռուսերեն թարգմանությունը։
«Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը և ООО «Индивидуум Принт» (Մոսկվա) հրատարակչությունը ռուսերեն թարգմանությամբ համատեղ լույս են ընծայել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արք․ Մաշալյանի «Երկու ուխտավոր» պատմավեպը (թարգմ․՝ Հրազդան Մադոյան, խմբ․՝ Տ․ Ղևոնդ ավ․ քհն․ Մայիլյան)։
Տասնութերորդ դարի Հայ Եկեղեցու երկու կարկառուն դեմքերը` Հովհաննես Կոլոտ և Գրիգոր Շղթայակիր պատրիարքները, իրենց առասպելական առաքելությամբ անմոռանալի հետք են թողել մեր կրոնական և ազգային պատմության վրա: Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու գաղափարակից վանականների փոթորկալից կյանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար: Հեղինակը, նրանց կյանքի լուսեղեն հետքերին հետևելով, ընթերցողին է մատուցում հետաքրքրական մի պատմավեպ, որ մեր կրոնական գրականության համար նորություն է նկատվում իր միստիկական սխրանքով և երևակայական պատկերազարդումներով»,- նշված է հաղորդագրությունում: