06/03/2023 20:01
Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում, որ Ադրբեջանը սպառնում է կոշտ ու կտրուկ քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթի շեշտադրումներին․
«Արցախի նախագահն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:
Այս հեռանկարի ու Ադրբեջանի իրական նպատակների մասին բազմիցս զգուշացրել եմ:
Ամենատարբեր առիթներով բարձրաձայնել եմ, ահազանգել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Արցախի հետ հավասար հարաբերությունների ստեղծումն ու առկա խնդիրների կարգավորումն է, այլ սեփական պատկերացումների միջոցով Արցախի ադրբեջանացմանը հասնելը:
Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում առ այն, որ Ադրբեջանը սպառնում է «կոշտ ու կտրուկ» քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում արեց ու վերահսկողություն հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի նկատմամբ:
2-3 տարի է՝ ՀՀ իշխանությունը հասարակությանն ակնհայտ մոլորեցնում է տարաբնույթ «խաղաղասիրական» օրակարգերով, իսկ իրականում նոր պատերազմ, նոր զոհեր բերում:
Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին, սակայն ամենապատասխանատու փուլում «կուլ գնում» և հնազանդվում Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգերին:
Հերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: