07/03/2023 16:00
Հայրենիք տալով կյանք չես փրկելու, պատիվդ ես կորցնելու, ուրիշներին ծառա ու ստրուկ ես դառնալու. Բագրատ Սրբազան
Ժամանակին մտածում էինք կյանք տանք՝ հայրենիք փրկենք, հիմա մտածում ենք հայրենիք տանք, որ կյանք փրկենք։ Այս խոսույթը հատկապես տարածվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրի ղեկավարը հայտարարեց՝ պատերազմը դադարեցնելով փրկվեց 30.000 մարդ, բա մնացած հազարներն ի՞նչ եղան, ուրեմն նրանց համար էլ է այդ ղեկավարը պատասխանատու, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման եթերում ասել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հայրենիք տալով կյանք չես փրկելու, հայրենիք տալով և պատիվդ ես տալու, և արժանապատվությունդ, էլ չեմ ասում ֆիզիկական գոյությունդ, ուրիշներին ծառա և ստրուկ ես դառնալու», - նշել է նա։
Սրբազանի գնահատմամբ, խաղաղության հասնում են միայն հաղթանակով, խաղաղություն մուրալը կործանարար է. «Եթե մենք որոշել ենք, որ սա մեր հայրենիքն է՝ Հայաստան աշխարհն իր Արցախով, ուրեմն այստեղ ենք ապրելու, գործելու, պայքարելու։ Նրանք, ովքեր այսպես չեն մտածում, թող գնան անուններն ու ինքնությունները փոխեն, հատկապես, եթե կառավարիչներ են։ Իրենք ոչ մի կապ չունեն մեր հայրենիքի, ժառանգության, կենսագրության հետ. իրենցը փողոցն է, սուտն ու կեղծիքը»։