07/03/2023 21:29
Չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանն, ըստ որի «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն խաղաղ հանգուցալուծման՝ միմյանց տարածքային ամբողջականության, բայց նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից»։ Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում «նշաձողն իջեցնել»։
«Իմ կարծիքով՝ շատ պարզ բան է տեղի ունեցել․ Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել։ Խոսքն այն մասին է, որ եթե հիշում եք, մենք 2017 թվականին Եվրամիության հետ ստորագրեցինք համագործակցության համապարփակ համաձայնագիրը, որն այնուհետև վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, և Գերմանիայի կանցլերն այլ բան չէր կարող ասել, որովհետև իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ, բառացիորեն, Ղարաբաղին վերաբերող հատվածի Մինսկի խմբի առաջարկությունն էր։ Գերմանիայի կանցլերն ուրիշ բան չէր կարող ասել։
Այլ բան, որ «գլխավոր բանակցողը» խուսափում է, փախչում է «ինքնորոշում» բառից՝ ինչպես սատանան՝ խունկից։ Դրա համար էլ որևէ արձագանք չտվեց ու նորից սկսեց խոսել ինչ-որ իրավունքների մասին»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ոչ մի եվրոպական երկիր Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին չի խոսի՝ հենց իր նշած համատեքստում։
«Ես կանխատեսում եմ, որ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին։ Գոնե տեսանելի ապագայում չի լինելու, որովհետև այդ դեպքում այդ երկիրը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։