07/03/2023 22:00
Բանակցողը պետք է փոխվի․ Նոր բանակցողի համար անասելի դժվար կլինի, բայց իրավիճակը փոխել հնարավոր է․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ բանակցողը պետք է փոխվի, լրագրողների հետ զրույցում իր դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ասել եմ և կրկնում եմ՝ բանակցողը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) պետք է փոխվի։ Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն (Ադրբեջանի նախագահը-խմբ․) իրեն հրապարակավ համեմատել է «կեղտոտ լաթի» հետ, խմած, հարբած մարդու հետ։ Այդպիսի մարդն ինչու՞ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին։ Այդպիսի մարդը (Ալիևը-խմբ․) միայն պետք է պահանջի»,- ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը նաև ընդգծեց՝ «Ադրբեջանն ուզում է, որ ամբողջն իրենը լինի, դեռ մի բան էլ՝ ավելին», այդ նկարտումների մասին նոր չէ, որ պետք է հայտնի լիներ, սակայն Հայաստանի գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Ադրբեջանի, այլև միջնորդ երկրների հետ և արտաքին քաղաքականությունում էլ է ճնշվածի քաղաքականություն վարում։
«Միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն մի մարդու, որը մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրագա, մեկ՝ Մոսկվա։ Դա փոխլրացման քաղաքականություն չէ։ Դա «և՛,և՛»-ի քաղաքականություն չէ, դա ճնշման տակ, կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է։
Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ բանակցողի փոփոխությամբ իրավիճա՞կ կփոխվի, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․
«Այո՛։ Շատ դժվար կլինի նրան, ով կփոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է»: