07/03/2023 22:33
Մինչև 2018 թվականը մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն․ 44-օրյա պատերազմում մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել․ եթե օգտագործվեին, պատերազմն այսպես չէր ավարտվի․ Սերժ Սարգսյան
Այո, մենք ունեցել ենք բանակ, և մեր բանակը դա ապացուցել է 90-ական թվակականներին, 2016 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչև 2018 թվականը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ «բանակ չունենալու» մասին խոսող և հայկական բանակի անցած հաղթական ուղին կասկածի տակ դնող գործող իշխանությունները բանակից ու դրա կառավարումից անտեղյակ են։
ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև բանակի կարիքներին «նախկինից ավելի շատ» գումար հատկացնելու՝ Հայաստանի գործող իշխանությունների պնդումներին։
«Բոլոր այն թվերը՝ փողի հետ կապված, որոնք իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է, որովհետև նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ուներ 1 դոլարը, 100 դոլարը՝ 2022 թվականին, 2023 թվականին և ինչ արժեք ուներ այդ դոլարը 1994 թվականին, 2004 թվականին, 2014 թվականին։
Սա՝ մեկ։ Երկրորդը՝ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018 թվականից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել։ Իսկ մինչև 2018 թվականը, ես կարող եմ խոսել իմ ժամանակահատվածի մասին և մինչ այդ եղած այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ Պաշտպանության նախարար, մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն։ Չեմ ուզում թվեր ասել, որ վաղը, մյուս օրը շահարկմանառարկա չդառնան, բայց դա ահռելի էր»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց նաև՝ մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմն այլ ելքով ավարտելու համար։
«Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, պարզապես չեն օգտագործվել։ Իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,- ասաց նա։
Զենք-զինամթերք «չլինելու» մասին խոսակցություններին ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․ «Զենքին նաև օգտագործող է պետք։ Եթե չես օգտագործելու, նույնիսկ եթե ատոմային ռումբ էլ ունենայինք, ուրեմն չէինք օգտագործելու»։
«Ոչ միայն զինամթերքի, այլև անձնակազմի առումով՝ մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով։ Բա մյուս 50 տոկոսն ինչու՞ չենք օգտագործել»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը՝ խոստանալով՝ դրա մասին ավելի մանրամասն կխոսի հաջորդ հարցազրույցների ժամանակ։