07/03/2023 20:36
«Նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք գոնե հիմա փորձում են իրականացնել»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանության «խաղաղության» բանակցությունների մասին
Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց հարցին, թե Հայաստանի գործող իշխանությունը խաղաղության պայմանագրի կնքման «արագացված» գործընթացի շրջանակում կգնա՞ արդյոք Արցախն Ադրբեջանին «ինտերգրելու» ճանապարհով՝ հանուն պայմանագրի կնքման։
«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են բանակցում խաղաղության մասին, որովհետև, ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարիչները օր ու մեջ կարծիք են փոխում և նույնիսկ այլ տեղերից հայթայթված փաստաթղթերը միշտ համարում են «կեղծ», ասում, որ այդպիսի բան չի եղել և այլն։
Այնինչ մենք երբեք չենք փորձել որևէ լուր կամ որևէ կեղծ տեղեկություն հայտնել մեր հանրությանը, որովհետև մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են։ Հակառակը, մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում՝ այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև՝ նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնց կողմնակիցն են։
«Կարող եմ ասել, որ միևնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք գոնե հիմա փորձում են իրականացնել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։