07/03/2023 14:30
Ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Արցախի պետնախարար
Մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից հետո ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ, այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական ախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ադրբեջանական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին և խնդրել, որ դադարեցվի կրակը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել զոհերին և վիրավորներին, նաև՝ կրակի տակ գտնվող անձանց»,- ասել է նա։
Նա նշել է, որ ռուս խաղաղապահների ջանքերով հնարավոր է եղել փրկել ոստիկանության ծառայողներից մեկի կյանքը։
«Դա տեղի ունեցավ ռուս խաղաղապահների օպերատիվ արձագանքի շնորհիվ։ Մենք սա պետք է գնահատենք»,- նշել է Արցախի պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը Ադրբեջանն օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար:
Պետնախարարի խոսքով՝ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: