07/03/2023 19:01
«Թույլ չտալ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամուն՝ բանակցային գործընթացի պատմությունը, էությունը նենգափոխել, հարմարեցնել իրենց նպատակներին»․ ՀՀ երրորդ նախագահի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը
ՀԲԸՄ դահլիճում այս պահին տեղի է ունենում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Գրքում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս 2008-2022թթ. ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, ներկայացնելով նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտությունը, ընդգծեց՝ գիրքը օգտակար կլինի արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նշված ժամանակաշրջանն ուսումնասիրողներին համար։ Բացի այդ, արխիվային նյութերը, փաստերը հավաքելով, համադրելով և հրատարակելով՝ ներկայացվում է մեր պատմության մի ժամանակահատվածը, պատմության մի մասը, որը պարտավոր ենք պահպանել ու փոխանցել սերունդներին։
«Եվ հաջորդ պատճառը, որն, ըստ իս, շատ կարևոր է․ տեղի ունեցած իրողությունները, ժամանակի ընթացքում արտահայտված դիրքորոշումները փաստացի՝ առանց այլևալյության ներկայացնելով՝ պետք է թույլ չտալ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամուն բանակցային գործընթացի պատմությունը, էությունը նենգափոխել, ձևափոխել և հարմարեցնել իրենց նպատակներին ու շահերին։ Այն, ինչը չի բխում մեր ազգային պետական շահերից, ինչն այս վերջին տարիներին ջանադրաբար անում են բանակցային գործընթացը ձախողած գործող իշխանությունները և նրանց, այսպես կոչված, «կառուցողական» ու «կիրթ» գործընկերները»,- շեշտեց Մերի Հարությունյանը։
Անհրաժեշտ է, որ պատմությունը դրսում ու ներսում նենգափոխողների դեմ յուրաքանչյուրն իր գործն իր տեղում անի և չթողնի, որ գլխիվայր շուռ տրվող իրականությունը մնա որպես «միակ ճշմարտություն»։
«Ուստի սա էլ պայքարի մի ձև է, մի ընդհանուր պայքարի, որը բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է տանենք»,- ասաց Մերի Հարությունյանը։