07/03/2023 09:52
«Ժողովուրդ». Չի բացառվում, որ ՍԴ դատավորների զգալի մասը հավաքվի և որոշի, թե ինչ հանգուցալուծում տա Սեդա Սաֆարյանի ապօրինի գործողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ՝ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա երկրորդ ամիսը, սակայն մինչ օրս ՍԴ որևէ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարանի նախագահին:
Փոխարենը «Հայաստան» խմբակցությունն է արդեն շրջանառության մեջ դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում է, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Որպեսզի ընդդիմության հեղինակած նախագիծը մտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն նախ պետք է երկշաբաթյա ժամկետում արժանանա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հավանությանը, իսկ որպեսզի ԱԺ-ն Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար պաշտոնապես դիմի ՍԴ, պետք է նախագիծն ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 ձայն:
Արդեն ակնհայտ է, որ այս նախագիծը հավանության չի արժանանա, և ՔՊ-ն կպաշտպանի իր կողմից ընտրված դատավորին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՍԴ-ում սպասում են ԱԺ զարգացումներին, թեև կանխատեսելի է, որ խորհրդարանում որևէ զարգացում էլ չի լինի: Մնում է «ինքնադատաստանի» տարբերակը: ՍԴ-ում քննարկել են, և չի բացառվում, որ ՍԴ դատավորների զգալի մասը հավաքվի և որոշի, թե ինչ հանգուցալուծում տա Սեդա Սաֆարյանի կողմից կատարված ապօրինի գործողություններին, երբ լինելով դատավոր՝ նաև ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել»։