07/03/2023 11:17
«Փաստ». Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու
«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի խոսք կա այն մասին, թե ի՛նչն է խանգարում վատ պարողին: Բայց միայն այդ չէ: Վատ պարողին կամ, առհասարակ, պարել չիմացողին խանգարում է ամեն ինչ՝ ասացվածքում նշվածը, բեմի հարթությունը, նվագախումբը, հանդիսատեսը, վերջապես բուն պարը: Ավտոմեքենան վատ վարողին կամ վարել չիմացողին նույնպես ամեն ինչ է խանգարում. ճանապարհը, ճանապարհային նշանները, մյուս բոլոր վարորդները, մայթը, ուղևորները, հետիոտները, ոստիկանները, տո՛ հենց մեքենան է խանգարում, եթե կուզեք: Հիմա Նիկոլ Փաշինյանինն է:
Գերմանիա կատարած այցի ընթացքում տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ուղիղ, կարել է ասել՝ առճակատ հարց են տալիս, ավելի ճիշտ՝ դիտողություն են անում, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր մոտ չի ստացվում, քանի գնում՝ այնքան վիճակն ավելի է վատանում, պատասխանատվություն չեք վերցնում... Նիկոլ Փաշինյանը երկար-բարակ, տակիցգլխից խոսում է, ու հայտարարում, որ եթե անգամ ծնկները ծալվեն էլ, ապա պատասխանատվությունը չի թողնելու ու նման բաներ: Ասել կուզի՝ իշխանության բեռի տակ կճկռի, սատանան գիտի, թե Հայաստանի հետ ինչ կլինի, միայն թե ինքը լինի վարչապետը, գլուխը՝ քարը, թե երկիրը չի կործանվի:
Հետո էլ պատկերավոր է արտահայտվել՝ համեմատություն անելով մեքենայի հետ: Դե, ինքն ինքը չէ, քանի դեռ չի «սնիկերսել», կներեք, «նախկինների» հասցեին ոչ մի բան չի ասել: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, «Հայաստան» մակնիշի մեքենան, որի ղեկին նա, նկատենք, հայտնվեց «պռավայի» քննությունը շրջանցելով, լավը չէր: Ասում է՝ իբր, տարիներով յուղ չէին փոխել, անսարքություն չէին վերացրել, ակն էլ՝ ընթացքի պահին մեքենայի տակից թռավ: Դե, «խեղճ Փաշինյանն» ի՞նչ աներ. մեքենան պատեպատ խփեց, հազարավոր «ուղևորների» մահվան մատնեց, իսկ հիմա էլ մեքենայի մնացորդները հասցրել է խորը անդունդի պռնկին, բայց կանգնեցնել չի ցանկանում, ասենք՝ արգելակներն էլ, որպես խանգարող հանգամանք, հանել ու մի կողմ է նետել: Այդպես «ուրախ-զվարթ» գլորվում ենք, էլի:
Երկար կարելի է հակաճառել Փաշինյանի ինչպես ոչ փոխաբերական, այնպես էլ փոխաբերական դիտարկումներին, բայց եթե հակիրճ, ապա այդ ոչ բարով «վարորդին» ու նրան ծափահարող «ուղևորներին» արժե թեթևակի հիշեցնել, որ «Հայաստան» մակնիշի մեքենան լիովին սարքին վիճակում էր, «նախադու» էր՝ ասել փորձառուների, շարժիչը նորմալ, անվտանգության գոտիներն ու արգելակները՝ տեղը տեղին: Մի խոսքով, կարգին «մեքենա» էր (որոշ թերություններ շտկել էր ընդամենը պետք), քանի դեռ Փաշինյանի ձեռքը չէր ընկել, որից հետո օրումեջ վթարի է ենթարկվում՝ ծանր ու անդառնալի հետևանքներով:
Հա, այն «մեքենան», այսպես ասենք՝ «Մերսեդես» կամ «Ռոլս Ռոյս» չէր, անթերի էլ չէր, բայց սարքին էր ու անվտանգ: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ «մեքենան» դարձրել է ոչ թե 40 տարվա «ԵրԱԶ», այլ «Զապորոժեցի» ու տրակտորի անիվների վրա մի կերպ հավաքած ճռնչան սայլ: Վատ վարողին իսկապես ամեն ինչն է խանգարում, բայց նույնիսկ անդունդը գահավիժելիս նա ղեկը ոչ մի դեպքում բաց չի թողնելու»։