07/03/2023 16:21
Այո, ես վրեժ եմ ուզում. մեր աղոթքի հետ սրբազան արտահայտություն պետք է լինի վրեժը. Բագրատ Սրբազան
Հատկապես ցեղասպանությունից հետո մազապուրծ եղած ընտանիքներն իրենց զավակներին Վրեժ անվանակոչեցին՝ այն հավատով, որ նորից հաղթանակ ու վերածնունդ է լինելու, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման եթերում ասել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք պետք է գործենք որպես մոռացված ազգ, այո, մենք ունենք բարեկամներ, բայց մեր հույսը նրանք չպետք է լինեն, մեր հայացքը միայն դեպի մեզ պետք է լինի՝ հայացք դեպի ներս», - ասել է նա։
Հարցին, թե երբ է եկեղեցին պայքարի զանգ հնչեցնելու, Սրբազանը պատասխանել է՝ եկեղեցին մշտապես պայքարի առաջնագծում է. ո՛չ գաղափարները, ո՛չ ձևակերպումները, ո՛չ արտահայտությունները որևէ կերպ չեն փոխվել։
Սրբազանի գնահատմամբ, խաբկանք չպետք է ունենալ, թե հազարավոր մարդիկ պայքարի համար փողոց կողողեն. բոլոր հասարակություններում շարժիչ ուժը քչերն են, ոչ զանգվածները, նույնիսկ 1988 թվականին որքան էլ մեծ էր մարդկանց ներգրավվածությունը, նույքան էլ շատ էին անտարբերները։
«Չգիտես՝ մարդու կյանքում դարձն ինչպես տեղի կունենա, ես վստահ եմ, որ ամեն օր ավելի շատ մարդ է դարձի գալիս. պարզապես այսօր առաջնային, ամենամեծ խնդիրը շնչառություն բացելն է, որին խանգարում են երկրի ներկա կառավարիչները. իրենք ոչ թե պետք է հեռացվեն, այլ գնան ինքնակամ»։