08/03/2023 19:01
Ինչպե՞ս են արյան թիթեղիկները մասնակցում մակարդելիությանը և այլ գործընթացներում
Արյան թիթեղիկները կամ թրոմբոցիտներն արյան ամենափոքրաքանակ բջիջներն են, որոնք մասնակցում են արյան մակարդման գործընթացներին:
Դրանց թիվը 1 միկրոլիտր արյան մեջ 180-ից մինչև 400 հազար է:
Արյան թիթեղիկները հանդիսանում են արյան բջիջների՝ ձևավոր տարրերի երեք հիմնական տեսակներից մեկը: Դրանք արտադրվում են կարմիր ոսկրածուծում։ Արյան թիթեղիկները սկավառակաձև են, ունեն 2-5 մկմ տրամագծ և կորիզազուրկ են, իսկ կյանքի տևողությունը 7-10 օր է:
Երբ ինչ-որ պատճառ բերում է արյունատար անոթի պատի վնասման, արյան թիթեղիկները կուտակվում են վնասվածքի տեղում, միաձուլվում կամ կպչում իրար՝ «ագրեգացիա», և անջատում նյութեր, որոնք ունեն արյան անոթը սեղմող և մակարդուկի առաջացման գործընթացին սկիզբ դնող ունակություններ:
Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդմանը՝ բոլոր փուլերում։ Դրանք կոչվում են թրոմբոցիտային մակարդելիության գործոններ:
Թրոմբոցիտային մակարդելիության գործոններ են՝
թրոմբոցիտային թրոմբոպլաստին, որը մասնակցում է արյան մակարդման առաջին փուլին,
հակահեպարինային գործոն, որը կապում է հեպարինը և արագացնում մակարդման ընթացքը,
մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն՝ մասնակցում է թրոմբոցիտների ադհեզիայի և ագրեգացիայի գործընթացին,
թրոմբոստենին՝ իրականացնում է գոյացած մակարդուկի խտացման գործընթացը,
սերոտոնին՝ որպես անոթասեղմիչ նյութ, սեղմում է վնասված հյուսվածքի անոթները և նպաստում արյունականգին,
ագլյուտինացիայի գործոն. նպաստում է թրոմբոցիտների ագրեգացիային:
Արյան թիթեղիկներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոնը, որը խթանում է անոթների հարթ մկանների աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը։
Արյան թիթեղիկները ֆիզիոլոգիական տարբեր պայմաններում կամ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև բուժումներ ստանալիս (օրինակ՝ որոշ դեղերի ընդունումից) կարող են շատանալ կամ քչանալ: Թիթեղիկների շատացումը (թրոմբոցիտոզ) բերում է արյան մակարդելիության բարձրացման, իսկ քչացումը (թրոմբոցիտոպենիա)՝ վերջինիս թուլացման:
Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոզի օրինակներից են՝
սննդի մարսողությունը,
ծանր ֆիզիկական աշխատանքը,
հուզական սթրեսը,
ցավը,
քաղցի զգացումը,
հղիությունը:
Ֆիզիոլոգիական թրոմբոցիտոպենիայի օրինակներից են՝
գիշերային քունը:
Ախտաբանական թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները (արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող) զարգանում է այս բջիջների՝պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։