08/03/2023 19:39
Արթրոսկոպիան՝ որպես հոդային խնդիրների բուժման լավագույն միջոց
Արթրոսկոպիան փոքր վիրահատական միջամտություն է, որի նպատակը հոդային խնդիրների ախտորոշումը և բուժումն է։
Բժիշկը նշանակում է արթրոսկոպիա այն դեպքերում, երբ ցանկանում է զննել ներհոդային տարածությունը և հասկանալ, թե ինչ է կատարվում հոդերի ներսում։
Միջամտության համար օգտագործվում է հատուկ գործիք` արթրոսկոպ: Այն բարակ խողովակ է, որի մի ծայրին միացված է օպտիկական տեսաձայնագրող սարք։ Արթրոսկոպը թույլ է տալիս ռեալ ժամանակի մեջ զննել և տեսաձայնագրել ներհոդային տարածությունը։
Արթրոսկոպիան կարող է նշանակվել որպես հոդային խանգարումների ախտորոշման լրացուցիչ միջոց։ Նման դեպքերում հետազոտվող հոդի շրջակայքում կատարվում է վիրահատական փոքր կտրվածք՝ բացվում է անցք դեպի հոդ, որի միջոցով էլ արթրոսկոպը զգուշությամբ ներմուծվում է ներհոդային տարածություն։
Ավելի հաճախ արթրոսկոպիան նշանակվում է հետևյալ հոդերի հետազոտության համար՝
ծունկ
արմնկային հոդ
կոնքազդրային հոդ
սրունք-թաթային հոդ
ուսահոդ
դաստակի հոդեր
Վերջին տարիներին արթրոսկոպիան հաջողությամբ օգտագործվում է նաև բուժական նպատակով՝ որպես ներհոդային վիրահատության ժամանակակից մեթոդ։
Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ՝ հիվանդության ախտորոշման և բուժման մեջ արթրոսկոպիայի օգուտների և վտանգների մասին։ Մինչև բուժման նպատակով արթրոսկոպիային համաձայնություն տալը, պետք է հարցնել բժշկին, թե արդյոք ձեր պարագայում կարող է մեկ այլ մեթոդ ավելի արդյունավետ լինել, քան արթրոսկոպիան, ինչպիսիք են՝
քաշի կարգավորում,
ցավազրկում,
հակաբորբոքային դեղեր,
ֆիզիոթերապիա, օրինակ՝ բուժական վարժանքներ։
Մինչև բուն արթրոսկոպիան բժշկը կհետազոտի հոդը և գուցե նշանակի այլ հետազոտություններ, օրինակ՝ ռենտգենոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ինչպես նաև նաև՝ արյան կամ այլ թեստեր։
Արթրոսկոպիայից առաջ կարող են առաջարկվել նաև որոշ դեղերի ընդունման դադարեցում կամ նշանակվեն նոր դեղեր։
Ախտորոշիչ արթրոսկոպիան համարվում է փոքր վիրահատական միջամտություն, որից հետո դուք կարելի է նույն օրը տուն վերադառնալ։
Ընդհանուր առողջական վիճակից կամ հոդային հիվանդության բնույթից կախված, կարող են առաջարկվել նաև տեղային կամ ընդհանուր անզգայացում։
Վիրաբույժը (կամ վնասվածքաբանը) հետազոտվող հոդի շրջանում կկատարի փոքր կտրվածք, կբացի փոքր անցք, որի միջոցով արթրոսկոպը կներմուծի ախտահարված հոդի մեջ։
Եթե վիրաբույժը ցանկանում է իրականացնել նաև որոշ բուժական միջամտություններ (արթրոսկոպիկ վիրահատություն), ապա կարող է հոդի շրջանում նաև կատարել մեկ կամ մի քանի լրացուցիչ կտրվածքներ։
Արթրոսկոպիկ վիրահատության տեսակներից է՝ ծնկան հոդի պատռված կապանների վերականգնումը և պլաստիկան։
Արթրոսկոպիկ վիրահատությունները սովորաբար տևում են 30 րոպեից մինչև 2 ժամ, իսկ ախտորոշիչ արթրոսկոպիան՝ ավելի կարճ։ Վիրահատությունից հետո կտրվածքը փակվում է ստերիլ վիրակապով։
Բժիշկը ձեզ նաև կարող է խորհուրդ տալ՝
միջամտության ենթարկված հոդի բարձր դիրք՝ հոդի այտուցը մեղմացնելու համար,
սառցեպարկ՝ հոդի այտուցը մեղմացնելու համար,
օժանդակող այլ միջոցներ և ցավազրկողներ։
Ցանկացած տիպի վիրաբուժական միջամտություն ունի իր ընդհանուր և առանձնահատուկ ռիսկերը։
Արթրոսկոպիկ միջամտության հնարավոր բարդություններից են՝
վարակ,
արյան մակարդուկներ (թրոմբ),
ներհոդային արյունահոսություն,
նյարդի վնասում կամ թմրածության զգացում,
ձգձգվող ցավեր։
Անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բժշկի հետ, եթե արթրոսկոպիայից հետո ի հայտ են եկել՝
բարձր ջերմություն,
սուր ցավեր,
վերքի հարակից մաշկի զգալի կարմրություն և այտուց,
թմրածություն,
վիրահատական անցքերից տհաճ հոտով հեղուկի կամ թարախի արտահոսք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։