08/03/2023 20:01
Կակաոյի միացությունները՝ որպես հակաբորբոքային մոլեկուլների առաջացման աղբյուր
Ջոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների մի խումբ հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը, հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում, դառնում է հատուկ բակտերիաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, փաստում են հետազոտությունն անցկացրած մասնագետները։
Գիտնականները փորձարկել են երեք տեսակի կակաոյի փոշու ազդեցությունը մարսողական համակարգի տարբեր մոդելների վրա:
Գաղտնիք չէ, որ շոկոլադը պարունակում է մի շարք պոլիֆենոլներ (հակաօքսիդանտներ), որոնցից են կատեխինը, էպիկատեխինը և սննդային բջջանքը: Այս երկու միացություններն էլ որոշ պատճառներով վատ են մարսվում և ներծծվում: Սակայն հաստ աղիք հասնելուն պես, սկսվում է ֆերմենտացիայի պրոցեսը:
Պոլիֆենոլները վեր են ածվում փոքր մոլեկուլների, որոնք առավել հեշտ են յուրացվում: Այդ մոլեկուլներն օժտված են հակաբորբոքային հատկությամբ:
Կակաոյի բջջանքը պրեբիոտիկների հետ խառնելու դեպքում կարելի է ամրապնդել մարդու առողջությունը և հեշտացնել հակաբորբոքային միացությունների առաջացման գործընթացը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ պրեբիոտիկների ներմուծումն ավելացնում է օգտակար մանրէների քանակությունը աղիում՝ ճնշելով վնասակար ֆլորայի աճը:
Մի շարք օգտակար հատկություններից բացի, պետք է ուշադրություն դարձնել նաև կակաոյի օգտագործման վնասներին և հակացուցումներին։
Կակաոն բավականին ալերգեն է։ Այն պետք է օգտագործվի զգուշությամբ՝ հատկապես, եթե արդեն առկա է ալերգիկ ռեակցիա այլ մթերքների նկատմամբ:
Կակաոյի մեջ առկա պուրինները կարող են խնդիրներ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր պուրինային նյութափոխանակության խանգարումներ ունեն: Նման դեպքերում կակաոյի ըմպելիք խմելը կառաջացնի միզաթթվի ավելցուկի ձևավորում։ Արդյունքում մեծ քանակությամբ աղերը կհանգեցնեն հոդերի խնդիրների ու հոդատապի։
Ըստ դիետոլոգների, չի կարելի նաև կակաո խմել (հատկապես կաթով և շաքարով) ածխաջրային նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց՝ ինսուլինակայունություն և շաքարախտի առաջացման հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով։
Կակաոյի մեջ հայտնաբերված կոֆեինը կարող է ունենալ թեթև միզամուղ ազդեցություն և հանգեցնել ջրազրկման և հանքանյութերի տարրլվացման, եթե ջուր-աղ հավասարակշռությունը չլրացվի:
Կաֆեինի պարունակության և խթանող ազդեցության պատճառով կակաոն խորհուրդ չի տրվում օգտագործել հղի և կերակրող կանանց և մինչև 3 տարեկան երեխաներին։
Կակաոյից պետք է խուսափեն նաև աթերոսկլերոզ, նյարդային համակարգի հիվանդություններ և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։