08/03/2023 09:15
Գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով:
«Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի:
Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:
Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:
Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն: Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար, և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը:
Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:
Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում՝ ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ, կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում: Մյուս կողմից, իհարկե, պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն:
2023 թվականի մարտի 8-ին հենց այս համատեքստը կարևոր համարեցի ընգծել, որովհետև Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:
Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի օրվա առիթով: Շնորհակալություն ձեզ, որ անում եք ավելին և միշտ պատրաստ եք անել ավելին:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»,- ասվում է ուղերձում: