08/03/2023 16:24
Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար փաստաթղթում պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղը, բայց կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան․ Լուիս Բոնո
Հայաստանը և Ադրբեջանը կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար փաստաթղթում պետք է ներառեն նաև ԼՂ հարցը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում։
Հարցազրույցից հատվածը՝ ստորև․
«Ազատություն» - Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով:
Լուիս Բոնո - Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։
«Ազատություն» - Բայց թույլ տվեք հիշեցնել՝ վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկո՞ւմ է արդյոք նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները:
Լուիս Բոնո. - Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը:
«Ազատություն». - Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ:
Լուիս Բոնո - Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։
«Ազատություն». - Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու:
Լուիս Բոնո. - Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք՝ որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։