08/03/2023 16:36
Կոնգրեսական Փալոնը նամակ է հղել Հատկացումների հանձնաժողովին՝ պահանջելով աջակցություն տրամադրել Հայաստանին և Արցախին, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նամակ է հղել Հատկացումների հանձնաժողովին՝ պահանջելով աջակցություն տրամադրել Հայաստանին և Արցախին, դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
Ս.թ. մարտի 7-ին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) մի նամակ է շրջանառության մեջ դրել իր գործընկերների համար՝ Հայաստանի և Արցախի համար կոնգրեսական հիմնական առաջնահերթությունները ստորագրելու նպատակով: Նամակով, որը պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիազ-Բալարտին (Հանրապետական, Ֆլորիդա) և ավագ անդամ Բարբարա Լիին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), մասնավորապես կոչ է արվում 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 50 միլիոն դոլարի օգնություն՝ Արցախին, 2 միլիոն դոլար՝ ականազերծման ջանքերի համար, ինչպես նաև ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանձևի կիրառում և հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակում, որոնք պետք է ազատ արձակվեին 2020թ.-ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների համաձայն։
Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի «անմարդկային» և ապօրինի շրջափակումը, որն արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է, նամակում ընդգծվում է, որ տարածաշրջանի հայ ժողովուրդը գտնվում է «մարդասիրական ճգնաժամի եզրին», որը «սպառնում է երկարատև հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա»:
Մինչ հայ ժողովուրդը դեռ փորձում է վերականգնվել «ծանր ճգնաժամներից, որոնք ի հայտ եկան 44-օրյա մահաբեր պատերազմի հետևանքով», որն Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, 2020թ.-ի սեպտեմբերին սանձազերծեց Արցախի դեմ, նամակում ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման և բժշկական ծառայությունների, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության խափանման այս շարունակական «դաժան գործողությունները» ստեղծել են «անհաղթահարելի կարիքներ», և հետևաբար «ԱՄՆ կառավարության կողմից մինչ օրս տրամադրված օգնությունը լիովին անբավարար է»:
Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու և տարածաշրջանում ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով նամակում նաև կոչ է արվում աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը» մշտական «ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի» պայմաններում: «Կարևորագույն ներդրումը» կհիմնվի Հայաստանին և Արցախին տրամադրված նախկին աջակցության վրա և էլ ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ու գործընկերությունները։
Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության դադարեցումը նամակում ընդգծված ևս մեկ կետ է, որտեղ ասվում է, որ «միանգամայն պարզ է, որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևի շարունակական կասեցումը Ադրբեջանի ագրեսիայի չդադարող քաղաքականության ֆոնին՝ քաջալերել է այս բռնի վարքագծի մոդելը»:
Անցնելով Արցախի վրա նախագահ Իլհամ Ալիևի 2020թ.-ի դաժան հարձակման հետքերով, 2018 և 2019 ֆինանսական տարիներին 333 Բանաձևի «Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի» միջոցով անվտանգության ոլորտում ավելի քան 100 միլիոն դոլարի աջակցություն ստանալուց շատ չանցած, նամակում ասվում է, որ «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը վաղուց ուշացած գործ է և պետք է սկսվի նրանից, որ Կոնգրեսը խրախուսի վարչակազմին ամբողջությամբ կիրառել 907 Բանաձևը, սահմանափակելով վարչակազմի լիազորությունները՝ կասեցնել այս օրենքը և օրենսդրական արգելքներ սահմանելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած նոր կամ ընթացիկ ռազմական կամ անվտանգային օգնության համար»:
Չնայած եռակողմ հայտարարության պայմաններին համաձայնվելուն՝ Ադրբեջանը շարունակում է կալանավորված պահել ավելի քան 130 հայ ռազմագերիների, պատանդների և կալանավորված անձանց, և նամակով կոչ է արվում նրանց անհապաղ վերադարձնել։
«Համագումարը հորդորում է կոնգրեսականներին միանալ այս կարևոր նախաձեռնությանը, որն առաջնորդում են կոնգրեսական Փալոնը և հայկական հարցերով հանձնախումբը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Հայաստանին և Արցախին օգնության տրամադրման ապահովումը, Ադրբեջանին ռազմական օգնության դադարեցումը և հայ ռազմագերիների ազատ արձակման ապահովումը կենսական նշանակություն ունեն։ Այսքան շատ վտանգված լինելով, մինչ հայ ժողովուրդը բախվում է հումանիտար ճգնաժամի և իր գոյության համար ցեղասպանական սպառնալիքների հետ, մենք հորդորում ենք համայնքին միանալ մեզ մեր առաջիկա Քարոզչական գագաթնաժողովին և մեր ձայնը լսելի դարձնել Կոնգրեսի դահլիճներում»: