08/03/2023 09:54
«Ժողովուրդ». Ով է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով նորանշանակ հսկող դատախազը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազ է նշանակվել Գորիկ Հովակիմյանը: Ուշագրավն այն է, որ նա անցել է «Մարտի 1»-ի գործով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիկ Հովակիմյանի դեմ «Մարտի 1»-ի գործով չերյոմուխայից վնասվածք ստացած անձանցից մեկը ցուցմունք է տվել, թե Հովակիմյանը իր աշխատասենյակում բռնության է ենթարկել իրեն, ինչը դարձել է քննության առարկա, և հետագայում գործը կարճվել է: Ի դեպ, Հովակիմյանը անգամ 2018 թվականին ՀՔԾ-ում՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեում, հարցաքննվել է որպես վկա:
Հիշեցնենք, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ՀՀ ազգային ժողովի դիմաց մեծ թվով անձանց կողմից խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին է: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահը տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատության ենթարկվել: Այս միջադեպից երեք տարի անց նախաքննական մարմինը երկու անձանց է օրերս կալանավորել, որոնք չեն ընդունում, որ ծեծել են Արարատ Միրզոյանին»։