09/03/2023 21:15
Ինչպես սննդակարգից կրճատել շաքարը՝ առանց օրգանիզմը սթրեսի ենթարկելու
Առողջ և հավասարակշռված սննդակարգի անցնելու և սննդի միջոցով ընդունվող շաքարի պաշարը քչացնելու համար նախ անհրաժեշտ է սահմանափակել արհեստական քաղցրացուցիչներով սննդամթերքի և ըմպելիքների օգտագործումը։
Իսկ օրինակ մրգերը և կաթը, որոնք պարունակում են բնական շաքար, շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմին և դրանք սահմանափակելու որևէ անհրաժեշտություն չկա։
Սակայն կան բազմաթիվ այլ մթերքներ, որոնք պարունակում են հավելյալ ավելացված շաքար։ Տվյալները վկայում են, որ չափահասների և երեխաների մեծ մասն օրվա մեջ ստանում է ավելի շատ շաքար, քան օրգանիզմին անհրաժեշտ է։ Շաքարը պետք է ապահովի սննդամթերքներից ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 10%-ը, մինչդեռ մեզնից շատերի մոտ այս հավասարակշռությունը խախտված է հայեցողական սննդամթերքների հաշվին՝ մթերքներ, որոնք չեն պատկանում սննդամթերքների հիմնական խմբերին և չեն համարվում սննդակարգի պարտադիր բաղադրիչներ (օրինակ՝ քաղցրահամ ոչ ալկոհոլային կամ «էներգետիկ» ըմպելիքներ, մրգերի և բանջարեղենների «բնական» հյութեր, հրուշակեղենային արտադրանք, տորթեր և թխվածքներ)։
Հավելյալ շաքար պարունակող մթերքները նաև լրացուցիչ կալորիաներ են պարունակում և կարող են նպաստել ավելցուկային քաշի ձեռքբերմանը։ Ընդ որում, հավելյալ շաքար պարունակող մթերքները, որպես կանոն, ավելի քիչ օգտակար սննդանյութեր են պարունակում։
Առողջ կամ հավասարակշռված սննդակարգը նախատեսում է այս մթերքներից օգտվել հազվադեպ, կալորիաների մեծ մասը ստանալ սննդամթերքի այլ տեսակներից։
Քաղցրացված մթերքները և ըմպելիքները կարող են դառնալ նաև ատամների քայքայման պատճառ։ Որքան երկար է քաղցրահամ մթերքը հպվում ատամներին, այնքան ավելի մեծ վնաս է պատճառում։ Բնական և ամբողջական մրգերն ավելի փոքր հավանականությամբ կարող են վնասել ատամները, քանի որ շաքարը դրանց բաղադրության մեջ է, ավելացված չէ։
Տորթերը և թխվածքները կարելի է փոխարինել մրգերով։
Եթե նախաճաշի թեյին կամ տաք ըմպելիքներին ավելացնում եք շաքարավազ, աստիճանաբար նվազեցրեք դրա քանակը՝ մինչև զրոյացնելը։
Կարելի է ուշադրություն դարձնել նաև պիտակներին. դրանք թույլ են տալիս հասկանալ, թե ինչ քանակության սննդանյութեր է պարունակում գնված մթերքը։
Այլ դեպքերում գուցե պիտակի վրա տեսնեք նաև ավելացված շաքարի առանձին տեսակների մասին տվյալներ (օրինակ՝ օսլա, գլյուկոզ, ֆրուկտոզ, մալթոզ, հիդրոլիզացված օսլա և այլն):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։