09/03/2023 19:21
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն. Ցուցումներ և հիվանդությունների ախտորոշման մեխանիզմներ
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն ամենատարբեր ցուցումներով լայնորեն նշանակվող գործիքային հետազոտություն է, որի նպատակը կրծքավանդակի օրգանների կառուցվածքի գնահատումն է:
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս ստանալ կրծքավանդակում պարփակված սրտի, թոքերի, շնչուղիների, արյունատար անոթների, ինչպես նաև կրծքավանդակի ոսկրերի և կրծքային ողնաշարի ռենտգեն պատկերը: Այս հետազոտությունը նաև թույլ է տալիս հայտնաբերել թոքերը շրջապատող հեղուկը (հիդրոթորաքս) կամ օդը (պնևմոթորաքս):
Կրծքավանդակային ցավերի, նույն շրջանի վնասվածքի կամ հևոցի պարագայում, որպես օրենք, հիվանդին առաջարկվում է կրծքավանդակի ռենտգեն՝ ախտորոշելու խնդիրը:
Ռենտգեն պատկերն օգնում է բժշկին որոշելու, թե արդյոք վերջինս ունի սրտային խնդիր, թոքի կոլապս, թոքաբորբ (պնևմոնիա), կոտրված կողեր, էմֆիզեմա, թոքի քաղցկեղ կամ որևէ այլ հիվանդություն:
Որոշակի իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել կրկնակի ռենտգեն հետազոտություն՝ վերահսկելու, թե արդյոք ժամանակի ընթացքում առողջական խնդիրը բարելավվել կամ վատթարացել է:
Կրծքավանդակի ռենտգենը լայնորեն նշանակվող հետազոտություն է: Սրտային կամ թոքային հիվանդություն կասկածելիս կրծքավանդակի ռենտգենը հաճախ բժշկի կողմից նշանակվող առաջին հետազոտություններից մեկն է: Այն նաև կարող է նշանակվել, որ ստուգվի, թե ինչպես է ձեր օրգանիզմը պատասխանում բուժմանը:
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող է հայտնաբերել օրգանիզմում ընթացող տարբեր ախտաբանական խնդիրներ, որոնցից առավել կարևորները ներկայացված են ստորև:
Թոքային հիվանդություններ. կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել թոքի քաղցկեղ, թոքաբորբ կամ պլևրալ տարածությունում կուտակված օդ (պնևմոթորաքս, որը կարող է բերել թոքի կոլապսի):
Ռենտգենը նաև կարող է օգնել քրոնիկ թոքային հիվանդությունների կամ դրանց բարդությունների ախտորոշմանը՝ էմֆիզեմա, կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ) և այլն:
Սրտի հետ կապված թոքային խնդիրներ. կրծքավանդակի ռենտգենը կարող է ցույց տալ սրտային խնդրի հետ կապված թոքային փոփոխությունները կամ խնդիրները: Օրինակ, կանգային սրտային անբավարարության պատճառով թոքերում կարող է կուտակվել հեղուկ, որը կհայտնաբերվի ռենտգեն հետազոտությամբ։
Սրտի չափը և ուրվագիծը. սրտի չափերի և ուրվագծի փոփոխությունը կարող է վկայել սրտային անբավարարության, սրտի շուրջը հեղուկի կուտակման (պերիկարդիտ) կամ սրտի փականային ախտահարման մասին:
Արյունատար անոթներ. սրտի հարակից խոշոր անոթները՝ աորտան և թոքային զարկերակները տեսանելի են ռենտգեն պատկերում, ուստի այս հետազոտությունը կարող է հայտնաբերել աորտայի անևրիզմաները, անոթային այլ խնդիրները կամ կանգային սրտային հիվանդությունը:
Կալցիումի կուտակումներ. կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել սրտում կամ արյունատար անոթներում կալցիումի կուտակումների առկայությունը, որը վկայում է ճարպի և այլ նյութերի առկայության, սրտի փականների, պսակային զարկերակների, սրտամկանի կամ սիրտը ծածկող արտաքին թաղանթի (պերիկարդ) ախտահարման մասին: Թոքերում կալցիֆիկացված հանգույցների առկայությունը հաճախ վկայում է անցյալում տարած թոքաբորբի մասին:
Կոտրվածքներ. կրծքավանդակի ռենտգենը ցույց է տալիս կողերի կամ ողնաշարի կրծքային հատվածի կոտրվածքները:
Հետվիրահատական փոփոխություններ. կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն օգտակար է կրծավանդակի օրգանների (սիրտ, թոքեր կամ կերակրափող) վիրահատությունից հետո վերականգնման ընթացքը վերահսկելիս: Բժիշկը նաև կարող է գնահատել վիրահատությամբ տեղադրված խողովակների դիրքը, օդի կամ հեղուկի կուտակումը և այլն:
Փեյսմեյքեր, դեֆիբրիլյատոր կամ կաթետեր. սրտային որոշ հիվանդությունների դեպքում սրտի ռիթմը կառավարելու համար տեղադրվում են փեյսմեյքերներ (սրտի արհեստական ռիթմավար) և դեֆիբրիլյատորներ:
Կաթետերները փոքր ճկուն խողովակներ են, որոնք տեղադրվում են դեղեր ներմուծելու կամ դիալիզի համար: Նման միջամտություններից հետո սովորաբար նշանակվում է կրծքավանդակի ռենտգեն, որ ստուգվի սարքերի կամ կաթետերների ճիշտ տեղադրությունը և դիրքը:
Կարող է հիվանդին անհանգստություն պատճառել կրծքավանդակի ռենտգենի ընթացքում ստացած ճառագայթային ազդեցությունը, հատկապես, եթե ստիպված է այս հետազոտությունն անցնել կրկնակի անգամ կամ հաճախակի: Սակայն շտապենք հանգստացնել՝ ասելով, որ իրականում ռենտգեն հետազոտությամբ ստացած ճառագայթումը ավելի ցածր է, քան արտաքին միջավայրում առկա բնական ճառագայթման աղբյուրներից ստացածը:
Թեև ռենտգեն հետազոտության օգուտները գերակշռում են հնարավոր ռիսկերը, կրկնակի հետազոտությունների ժամանակ հիվանդին կտրամադրվեն պաշտպանիչ գոգնոց:
Հղիություն պլանավորելիս անհրաժեշտ է զգուշացնել բժշկին, որպեսզի հետազոտությունն անցկացվի այնպես, որ որովայնը պաշտպանվի հնարավոր ճառագայթումից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։