09/03/2023 19:37
«Քննչական կոմիտեն Փաշինյանի հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը Հելսինկի և մասնակցությանը ԵԺԿ վեհաժողովին»․ Արմեն Աշոտյանը տեղեկացնում է՝ ՀՀ իշխանությունների այս արարքը ԵԺԿ-ն խիստ քննադատել է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է, որ Հայաստանի գործող իշխանության ղեկավարի հրահանգով՝ իրեն կրկին խոչընդոտել են մեկնել երկրից՝ մասնակցելու Հելսինկիում կայանալիք ԵԺԿ քաղաքական վեհաժողովին, ինչն արժանացել է միջազգային խիստ քննադատության։
«Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը եւ մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր եւ իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։ Այն էլ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ այս սրվող եւ ահագնացող զարգացումների ընթացքում։
Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահը՝ հրապարակելով նաև ԵԺԿ Գլխավոր քարտուղարի գնահատականը, որում նշված է․
«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու եւ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին։ Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար եւ կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը՝ ընդդեմ քաղաքական օպոնենտների»։