09/03/2023 12:49
Ադրբեջանը մանիպուլացնում է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու ԼՂ հիմնախնդիրը՝ դրանց տալով կրոնական երանգ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին։
«Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ», - ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ պետք է կանխել բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ։