09/03/2023 10:15
«Փաստ». Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել
«Փաստ» թերթը գրում է. «Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։
Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական սազանդարներն են, թեպետ բռնատիրական Ադրբեջանում դժվար է իրական անկախ կամ, առավել ևս, ընդդիմադիր հայացք ունեցող պատկերացնել: Մասնավորաբար, մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ադրբեջանցի «փորձագետները» փորձում են ամեն ինչ ներկայացնել որպես բացառապես Ադրբեջանի տիրույթում կարգավորվող հարց՝ նշելով դրանց «ուղիներն ու ճանապարհները»։ Նշվում է, որ արցախահայության հետ սկզբնական երկխոսությունը պետք է սկսել ՀԿ սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակում, ընդգծում, որ Արցախում տիրապետող են Հայաստանի ոչ իշխանական դաշտից ու Սփյուռքից հնչող թեզերը, որոնք էլ, ըստ նրանց, իբր «ազդում են արցախցիների իրական կարծիքի վրա և կաշկանդում նրանց»։
Հատկանշական է, որ ադրբեջանական շրջանակներն իրենց առաջ քաշած քարոզչական պնդումներում շեշտում են, թե Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել (խոսքն ընդդիմության դիրքորոշումների մասին է), քանի որ «դրանք Փաշինյանի վարչախմբի կարծիքի հետ ոչ մի աղերս չունեն»։ Ի դեպ, հատուկ նշվում է, որ հիմնականում հենց այդ կարծիքներն են վնասում Արցախի «ռեինտեգրմանն» ու, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացին»։