09/03/2023 09:46
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ոստիկանասեր իշխանությունը պատժում է միայն մարդկանց, որոնք իրեն ծառայություն չեն մատուցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը և պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, սուպերմարկետի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների և հատուկ ջակատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է և անգրագետ աշխատանք։
ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերությունը շրջանառություն է թաքցնում և այլն, սակայն դեռևս ամբողջական հետաքննությունն ավարտված չէ, մեղադրանք չկա, և այս պարագայում նրանց հայտարարություն տարածելը համարում ենք անգրագիտություն և ընկերությանը վարկաբեկել, վնաս հասցնել բարի համբավին»։
Իհարկե, քննությունը դեռ կպարզի, թե ով էր ճիշտ, սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ իրողություն. Նիկոլ Փաշինյանի ոստիկանասեր իշխանությունը պատժում է միայն մարդկանց, որոնք իրեն ծառայություն չեն մատուցում:
Օրինակ՝ պետական մարմինները նույնպիսի հետևողականությամբ չեն գնում և չեն բացահայտում, օրինակ, MG սուպարմարկետների ցանցի գործունեությունը: Ինչո՞ւ. որովհետև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը օրուգիշեր քաղաքական ակցիաներ էր ցրում, և ահա, որպես շնորհակալական ժեստ, նրան պետական վերահսկող մարմինները մոռանում են: Հավելենք, որ MG սուպերմարկետների ցանցը փաստացի պատկանում է Վարդան Վարդանյանի ընտանիքին, գործադիր տնօրենն էլ հարազատ եղբայրն է՝ Արսեն Վարդանյանը»։