09/03/2023 09:57
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը դիմել է ԱԺ նախագահին և հաշիվ պահանջել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը առաջինն էր հայտնել, որ հունվարին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգևավճար են պահանջել ԱԺ նախագահից և աշխատակազմի ղեկավարից:
Ինչպես գրել էինք, ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարել են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:
Ի դեպ, պատգամավորների օգնականները, ի վերջո, հասան իրենց նպատակին և ոչ միայն ստացան պարգևավճարներ՝ հունվար ամսվանից սկսած, այլև կստանան ողջ 2023 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել:
Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, որ առանձնապես ակտիվ չէ այս կամ այն անարդարության դեպքերին արձագանքելիս, դեկտեմբերին դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանին և նրանցից հաշիվ է պահանջել, թե որ պատգամավորների օգնականներն են պարգևավճար ստացել, և ինչու իր օգնականը չի ստացել:
Այս դիմումի մասին նա բարձրաձայնել է նաև խմբակցության գործընկերների հետ հանդիպումների ժամանակ՝ դժգոհելով, որ ուշացրել են իր պատասխանը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավորի հետ, որը չհերքեց մեր տեղեկությունը, որ նման դիմում է գրել, միայն արդարացավ, թե 1.5 ամիս է՝ օգնական չունի, իր օգնականը դուրս է եկել աշխատանքից, ինքն էլ հիմա նոր օգնական է փնտրում: Հուսանք՝ մեր հրապարակումը կօգնի տիկին Մինասյանին՝ գտնելու նոր օգնական, որը, իհարկե, ողջ 2023 թվականը կստանա պարգևավճար»։