10/03/2023 18:40
Ցիստոսկոպիա. Գործիքային միջամտությունը՝ որպես ախտորոշման հիմնական գործիք
Ցիոստոսկոպիան բժշկական միջամտություն է, որը միտված է միզապարկի հիվանդություններն ախտորոշելու և երբեմն նաև բուժական որոշ միջոցառումներ իրականացնելու համար:
Ցիստոսկոպիան էնդոսկոպիկ միջամտություն է, որի ժամանակ օգտագործվող հիմնական գործիքը ցիստոսկոպն է: Վերջինս ծայրում տեսախցիկ ունեցող սարք է, որի միջոցով բժիշկը կարողանում է դիտել միզապարկի խոռոչը:
Ցիստոսկոպիան կարևոր ախտորոշիչ հետազոտություն է, որը թույլ է տալիս հայտնաբերել և որոշ դեպքերում բուժել միզապարկը և միզուղիներն ախտահարող հիվանդությունները և վիճակները:
Ցիստոսկոպիան հաճախ խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում մեզում առկա է արյուն (արյունամիզություն կամ հեմատուրիա): Ցիստոսկոպիան կարող է նշանակվել նաև միզապարկի քաղցկեղը և քարերը հայտնաբերելու, բիոպսիայի նպատակով, ինչպես նաև բուժման համար:
Ցիստոսկոպիային նախապատրաստվելը մեծամասամբ կախված է խնդրի տեսակից և անզգայացման եղանակից:
Եթե ցիստոսկոպիան անցկացվելու է ընդհանուր անզգայացման ներքո, ապա բժիշկը հիվանդին կզգուշացնի, որ բուն հետազոտությունից առնվազն 8-10 ժամ առաջ որևէ սնունդ կամ ջուր չի կարելի ընդունել (էպիդուրալ անզգայացում):
Մինչդեռ տեղային անզգայացմամբ ցիստոսկոպիային կարելի է ներակայանալ սնունդ և հեղուկներ ընդունած վիճակում:
Դեղեր ընդունելիս, անհրա-եշտ է տեսակների, դեղաչափերը և ընդունման եղանակների մասին տեղեկացնել հետազոտող բժշկին: Չի բացառվում, որ բժիշկն առաջարկի ցիստոսկոպիայից մի քանի օր առաջ ընդհատել ասպիրինի և արյան մակարդելիությունն ընկճող այլ դեղերի ընդունումը:
Ցիստոսկոպիան սովորաբար անցկացվում է արտահիվանդանոցային պայմաններում և հնարավորություն տալիս նույն օրը վերադառնալ տուն:
Հետազոտության ընթացքում մի ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող բարակ խողովակը միզուկով զգուշությամբ ներհրվում է դեպի միզապարկի խոռոչ:
Ճկուն ցիստոսկոպը սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ բժիշկը ցանկանում է բավարարվել միայն միզապարկի զննմամբ: Նման դեպքերում անզգայացումը սովորաբար ներառում է տեղային միջոցներով (գել կամ սփրեյ) միզածորանի լորձաթաղանթը թմրեցնելը:
Կոշտ ցիստոսկոպը կարող է օգտագործվել միզապարկից բիոպսիա կատարելու կամ այլ փոքր վիրահատական միջամտությունների անցկացման դեպքում (օրինակ՝ միզապարկի քարի փշրում կամ հեռացում): Ցիստոսկոպիան կարող է առաջացնել միզուկի և միզապարկի շրջանում որոշակի անհարմարավետության զգացում, սակայն ընդհանուր առմամբ այն անցավ է:
Ցիստոսկոպիայից հետո հիվանդը կարող է զգալ անզգայացման հետ կապված որոշ գանգատներ, ինչպես նաև միզուկի և միզապարկի շրջանում թույլ ցավեր կամ այրոցի զգացում, որոնք ուժեղանում են միզելիս: Եթե մինչ այս հետազոտությունը արյունամիզություն չի նկատվում, ապա դրանից հետո մեզում կարող է նաև հայտնվել արյուն:
Վերոնշյալ գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար մեղմանում և վերանում են:
Ցիստոսկոպիայից հետո խիստ հազվադեպ կարող են ի հայտ գալ լուրջ և ծանր բարդություններ. Ճկուն ցիստոսկոպով հետազոտվելուց հետո մի քանի օր կարող է զգացվել միզելիս ցավեր կամ դժվարամիզություն և թույլ արյունամիզություն:
Կոշտ ցիստոսկոպիայից հետո կարող է ի հայտ գալ մի քանի ժամվա տևող դժվարամիզություն, անմիզապահություն և ավելի երկար շարունակվող միզարձակման հետ կապված անհարմարավետության զգացում, այրոցանման ցավ և արյունամիզություն:
Վերոնշյալ գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում (կոշտ ցիստոսկոպիայի դեպքում՝ մեկ շաբաթվա ընթացքում) անհետանում են:
Եթե նշված ժամանակից հետո արյունամիզությունը և մյուս գանգատները մնում են, ապա կարիք կզգացվի դիմել բժշկի։
Ցիստոսկոպիան նաև կապված է միզուղիների վարակի առաջացման որոշակի ռիսկի հետ: Եթե ցիստոսկոպիայից հետո առաջացող միզուկի և միզպարկի ցավերը կամ արյունամիզությունը չեն մեղմանում, դրանց գումարվում է ջերմության բարձրացումը, ապա առանց ուշացնելու պետք է անցնել կրկնակի հետազոտություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։