10/03/2023 15:34
Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի:
«Շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը միայն մտածում է՝ ինչպես իր փորը լցնի։ Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու։ Նա պետք է հավատա, իսկ հավատալու համար պետք է իմանա, որ ինքը կարևոր է որպես անձ, հավատա ինքն իրեն, արդարությանը, առաջնորդներին, ղեկավարներին, ապագային, ինչը չես կարող անել՝ ուղղակի խանութներն ուտելիքներով լցնելով կամ խոսելով, թե ով ինչքան փող ունի», - «Ապագա հայկական» համաժողովի բացման ժամանակ ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նա ընդգծեց՝ կարևոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու:
«Գաղափարը շատ կարևոր է։ Կարևոր պայքարներից մեկը, որ մենք ունենք և այդ պայքարը շարունակվում է ամեն օր Արցախում՝ այդ երկու ուղղությամբ է, մեկն ասում է՝ ով է հարց լուծում, փող աշխատում, անանաս ուտում, մյուսը՝ գաղափարի շուրջ պետք է միավորվենք։ Վստահ եմ՝ առանց գաղափարի ոչինչ չի ստացվի մեզ մոտ», - ընդգծեց Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա պատասխանատվություն և՛ զոհված զինծառայողների, և՛ ներկայիս սերնդի առջև:
«Մենք նրանց պետք է փոխանցենք ոչ թե ավտոմեքենաներ ու տներ, այլ՝ արժանապատիվ, հայկական, ազգային արժեքներով կյանք», - հավելեց նա: