10/03/2023 18:10
Տեղահանված արցախցիների համար կառուցվող տների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է
Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 107 առանձնատների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։
Այդ մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
«Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։ Եթե չլիներ շրջափակումը, ապա առաջին 40 առանձնատները շահագործման կհանձնվեին արդեն իսկ անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին»,- նշված է հաղորդագրությունում։