10/03/2023 18:50
Սուրեն Պապիկյանը հարավարևմտյան սահմանագոտում էր․ հետաքրքրվել է կացարանային պայմաններով
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:
Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին»,- նշված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։