10/03/2023 10:03
Թագուհի Թովմասյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարն ընդգծել են՝ Հաագայի դատարանի որոշումն ունի պարտադիր ուժ և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին։
Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ընդգծվել է, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ միջանկյալ միջոցների կիրառման որոշումն ունի պարտադիր ուժ և ստեղծում է միջազգային իրավական պարտավորություններ Ադրբեջանի համար։
«Ի հավելումն՝ շեշտել ենք, որ չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։
Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության զարգացմանը և ընդգծել Հանձնաժողովի գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը», - հայտնել է Թովմասյանը: