10/03/2023 09:36
«Հրապարակ». ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, իսկ ընդդիմությունն ունի 35 պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ նախորդ նիստի օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։
«...Ողջամիտ ենթադրություն է ձևավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու ՍԴ-ին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,- նշվում է դրա մեջ։
Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր»։