11/03/2023 18:50
Ի՞նչ ուտել վաղ գարնանը՝ օրգանիզմը վիտամիններով հարստացնելու համար
Գարնանը մարդու օրգանիզմն ամենից շատ է վիտամինների ու սննդարար նյութերի կարիք զգում։ Թեպետ վաղ գարնանը վիտամինների աղբյուր հանդիսացող թարմ միրգ ու բանջարեղեն գտնելը հեշտ չէ, քանի որ շուկայում վաճառվում է հիմնականում անցած բերքահավաքից մնացած պաշարը, սակայն Հայաստանում կանաչեղենի բոլոր տեսակները հենց վաղ գարնանից էլ աճում են ու բավականին շուտ են հայտնվում շուկաներում, իսկ կանաչեղենը գարնանային սննդակարգի ամենակարևոր բաղկացուցիչներից է, ուստի ամեն օր կանաչեղեն ուտելը պարտադիր պայման է՝ գարնանը ուժերը վերականգնելու և առողջ մնալու համար։ Մաղադանոս, սամիթ, ռեհան, հազար, սպանախ, կանաչ սոխ, կանաչեղենի բոլոր առկա տեսակները գարնանային սեղանի գլխավոր ուտեստը պետք է լինեն։ Դրանք օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ վիտամիններով, առողջարար են ու օգտակար։
Գարնանային սննդակարգում մեծ տեղ պետք է հատկացնել նաև թարմ քամած հյութերին, հատկապես՝ ցիտրուսներից քամված հյութերին։ Ցիտրուսները կլոր տարին հասանելի են, իսկ վիտամին С-ի կարիք մարդու օրգանիզմը զգում է նաև գարնանը։ Օրը պետք է սկսել կիտրոնի, նարնջի, թուրինջի, մանդարինի մեկ բաժակ թարմ քամած հյութով։ Խորհուրդ է տրվում նաև նռան, բազուկի, գազարի թարմ քամած հյութ ըմպել։
Գարնանային սննդակարգում կարևոր տեղ պետք է հատկացնել նաև բանջարեղենային ուտեստներին։ Շոգեխաշած բրոկոլին, ծնեբեկը, ատրիճուկը, բազուկը, դդումը օրգանիզմը կհագեցնեն վիտամիններով ու սննդարար նյութերով։
Կաթնամթերքը գարնանային մենյուի պարտադիր բաղադրիչներից է։ Աղիների միկրոֆլորան կարգավորելու, աղեստամոքսային համակարգի աշխատանքը բարելավելու համար կաթը, մածունը, կաթնաշոռը, կաթնամթերքի մյուս տեսակները պետք է ներառել ամենօրյա սննդակարգում։
Որքան հնարավոր է՝ հաճախ պետք է ձուկ ուտել։ Ձուկը հարուստ է ֆոսֆորով ու օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բարելավում են մարսողությունը, ամրացնում են ոսկրային համակարգը, դրական են անդրադառնում նաև մաշկի ու մազերի վրա, օրգանիզմը լիցքավորում են անհրաժեշտ էներգիայով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։