11/03/2023 20:00
Դեմքի մաշկի խնամքը՝ գարնանը․ խորհուրդներ մասնագետներից
Ձմռան սառը և չոր օդի բացասական ազդեցությունից հետո դեմքի մաշկը գարնանը հատուկ խնամք է պահանջում և խոնավեցման կարիք է զգում։ Մաշկաբաններն ու կոսմետոլոգները ընդգծում են, որ միջսեզոնային ժամանակահատվածում օրգանիզմը հակաօքսիդանտների, միկրոտարրերի, վիտամինների պակաս է զգում, իսկ դրանցից կարևորագույններն են А, С, Е վիտամիններն ու В խմբի վիտամինները։ Հենց դրանց ազդեցության շնորհիվ էլ բարելավվում է մաշկի վիճակը։
Պետք է հաշվի առնել, որ սեզոնի փոփոխությամբ պայմանավորված՝ մաշկի տեսքի, գույնի, վիճակի փոփոխություններ են տեղի են ունենում, ուստի ձմռանն օգտագործվող կոսմետիկ բոլոր միջոցները չէ, որ կիրառելի են գարնանը։ Դրանցից շատերը գարնան համար «ծանր» են, բացի այդ, գարնանը մաշկը հարկավոր է պաշտպանել նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս կոսմետիկ միջոցների «զինանոցը» գարնանը թարմացնել՝ խնամքի հատուկ միջոցներով։
Ինչպե՞ս է պետք խնամել մաշկը գարնանը։ Քայլերը հետևյալն են` մաքրում, տոնայնացում, խոնավեցում, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանություն։
Մաշկը օրական երկու անգամ մաքրելուց բացի, գարնանը հարկավոր է նաև պիլինգ անել։ Պետք է օգտագործել սկրաբեր՝ շաբաթական մեկ անգամ։
Գարնանը +5 -ից բարձր ջերմաստիճանի դեպքում մեծ խտություն ունեցող կոսմետիկ միջոցները հարկավոր է փոխարինել թեթև էմուլսիաներով, մաշկը խոնավեցնող հեղուկներով, որոնց բաղադրության մեջ պետք է լինեն հակաօքսիդանտներ, С և Е վիտամիններ, կոֆերմենտ Q10, հիալուրոնաթթու, գլիցերին, բուսայուղեր ու էքստրակտներ
Գարնանը, նույնիսկ ամպամած եղանակին, մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանության կարիք ունի, ուստի SPF-ով արևապաշտպան քսուքներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել պիտակին՝ տեղեկանալու համար, թե UVB ճառագայթների քանի տոկոսն է այն արգելափակում։
Չոր մաշկ ունեցողները մաշկն օրական երկու անգամ պետք է խոնավեցնեն․ առավոտյան՝ շիճուկի և կրեմի, երեկոյան՝ գիշերային կրեմ-դիմակի օգնությամբ։ Խնամքի միջոցների բաղադրության մեջ պետք է խոնավությունը պահպանող նյութեր լինեն։
Զգայուն մաշկ ունեցողները ավելի խնամքով պետք է հոգ տանեն դեմքի մաշկի մասին և օգտագործեն տոնիկներ և հանգստացնող էֆեկտով շիճուկներ, որոնց բաղադրության մեջ սպիրտ չպետք է լինի։
Խառը տիպի մաշկի դեպքում անհրաժեշտ է օգտագործել ամպուլային խտանյութեր, պեպտիդային շիճուկներ, խթանիչներ, խորը մաքրել դեմքի Т-հատվածը։
Յուղոտ մաշկ ունեցողները խնամքի թեթև միջոցներից պետք է օգտվեն, մաշկը մաքրելիս այնքան մեծ «ջանասիրություն» չցուցաբերեն, որ այն ջրազրկվի։ Նախընտրելի են ջրիմուռների էքստրակտներով, հիալուրոնաթթուով, ֆոսֆոլիպիդներով խնամքի միջոցները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։