11/03/2023 10:23
«Փաստ». ՔՊ խմբակցության ներսում հանրային տիրույթում հանդես գալու իսկական ճգնաժամ է՝ մարդ չկա
«Փաստ» թերթը գրում է. «Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք իշխող խմբակցության ներսում տիրող ծանր մթնոլորտին։ Այս առումով մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հանրային տիրույթում հանդես գալու իսկական ճգնաժամ է՝ մարդ չկա։
Թերթի տեղեկություններով, խմբակցության ներսում լուրջ «բազարներ» են ընթանում հիմնականում այն պատճառով, որ պատգամավորների խոսույթում գրեթե չկա ոչ մի նորմալ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ։ Ավելին, իշխանական պատգամավորների հիմնական ասելիքը անհատական ու մասնավոր դեպքերի վերաբերյալ արձագանքներ են ու պոպուլիստական շեշտադրություն ունեցող պաթոսախեղդ ճառերը։
Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այս առիթով թեժ քննարկումներ են տեղի ունեցել հատկապես վերջին քառօրյայից հետո, երբ ո՛չ հայտարարությունների ժամին, ո՛չ էլ ողջ քառօրյայի ընթացքում (չնայած այն տևեց ընդամենը մեկուկես օր) քաղաքական ուղղվածություն ունեցող ոչ մի խոսք չի հնչել։ Թերթի տեղեկություններով, ավելի լուրջ խնդիր է եղել խորհրդարանական ճեպազրույցների մասով, երբ հիմնական «խոսացողներն» ուղղակի հրաժարվել են մասնակցել, և ստիպված են եղել գործել ըստ իրավիճակի»։