11/03/2023 10:21
«Հրապարակ». Ինչ պատճառ ունի «Նոր Զովքի» նկատմամբ խիստ վերաբերմունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված «Նոր Զովք» ՍՊԸ-ն, պարզվում է, միակը չէ, որն աշխատում է այդ սիստեմով։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին քննչականը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրացման իրական շրջանառությունը և պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ ահա այդ ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների և հատուկ ջոկատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է և անգրագետ աշխատանք»։
Ոլորտի մեր աղբյուրը բացատրեց, որ այն, ինչ հայտնաբերվել է «Նոր Զովքում», առկա է բոլոր առևտրի կենտրոններում։ Աշխատում է հատուկ ծրագիր՝ երկու սերվերով, ՊԵԿ-ը տեղեկացվում է առևտրի միայն 20 տոկոսի մասին, 80 տոկոսը գնում է «սև դաշտ»։ Ուշագրավն այն է, որ այս ծրագրի իդեոլոգն ու հեղինակը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է, ասում են` առաջինը նրա ցանցում է այս ծրագիրը ներդրվել, այդ ցանցի գրեթե բոլոր առևտրի կենտրոններն այդ ծրագրով են աշխատում: Մեր աղբյուրները պնդում են, որ Ալեքսանյանի ծրագրի մասին տեղյակ են նաև իշխանությունները, սակայն իրենց անտեղյակի տեղ են դնում և սրա մասին հիշում են, երբ հարկավոր է կոնկրետ տնտեսվարողի դեմ արշավ սկսել։
Պատմում են, որ «Նոր Զովքից» առաջ ՊԵԿ աշխատակիցները մտել են ՍԱՍ, սակայն այս ցանցի սեփականատերը կարողացել է լեզու գտել հարկայինի հետ և կլորիկ տուգանք վճարելով՝ ազատել է գլուխը։ «Նոր Զովքի» նկատմամբ նման խիստ վերաբերմունքն այլ պատճառներ ունի, այս ցանցն Ալեքսանյանի «Սիթիների» գլխավոր մրցակիցն է»։