11/03/2023 12:41
«Քովիդի գործով» «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանը «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, լուրն Aysor.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ` որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- նշեց Օհանջանյանը:
Այսօր կալանավորվել է նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը:
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում, որը փոխնախարար էր Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարար եղած ժամանակ։
Կկալանավորվի՞ արդյոք Սիմոնյանը. միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր:
Հակակոռուպցիոն կոմիտե էին հրավիրվել և հարցաքննվել ՀՀ առողջապահության նախարարության և կից ստորաբաժանումների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք նախկինում ներգրավված են եղել Covid համավարակի ժամանակ հիվանդների բուժման կազմակերպման և պետական միջոցների բաշխման գործընթացում։
Ավելի ուշ այս գործով Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ` ներկայացնելով մանրամասները: Ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետը. հափշտակվել է ավելի քան 119 միլիոն դրամ:
Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել այդ ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. Գլխավոր դատախազությունը կարող է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
Հիշեցնենք, որ Քովիդի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: