11/03/2023 09:53
«Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Արայիկ Հարությունյանը մերձավորներին պատմել է, թե ինչ ծանր հանդիպում է եղել Փաշինյանի հետ, վերջինս կրկնել է պաշտոնական Բաքվի տեսակետը, որ, իր կարծիքով, Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, արցախցիները պետք է լեզու գտնեն ադրբեջանցիների հետ, ապրեն, որովհետև այլընտրանք չկա կամ կա` պատերազմի և 120 հազար արցախցու բնաջնջման տեսքով։ Եվ հուսադրել է, թե միջազգային հանրությունը խոստացել է Ադրբեջանի կազմում որոշակի կարգավիճակի, ինքնավարության ապահովում։ Արայիկ Հարությունյանը ծանր տրամադրությամբ և տպավորություններով է վերադարձել Արցախ ու նեղ շրջապատում ասել է, որ ինքն այլևս չի ուզում մնալ նախագահի պաշտոնում։
Ուշագրավ է, որ երեկ ԱՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը և դրական եզրակացություն տվեց։
Հիշեցնենք՝ փոփոխություններն առնչվում են ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության հնարավորությանը: ԱԺ-ն Արցախի նախագահ կընտրի` մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։ Իսկ Արցախում ռազմական դրություն է 1992 թվականից սկսած։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Հարությունյանն ուզում է օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի»։