11/03/2023 14:33
Ցավում ենք. ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները. Հասմիկ Հակոբյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին:
«2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա և, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները», - ասել է նա:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ ՔՊ-ական պատգամավորը նշել է՝ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։
«Երեք ամիս` Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց», - ընդգծել է նա:
Հասմիկ Հակոբյանը ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները: