11/03/2023 10:12
«Ժողովուրդ». Նոր նախագիծ՝ հեռուստաընկերությունների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» վերջերս հաճախ քննարկված ՀՀ օրենքում: Մասնավորապես, փոփոխությամբ հնարավոր կլինի վերահսկել տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և գործողության մեջ դրված ստանդարտներին:
Մյուս կողմից՝ ավելացվել է նոր պահանջ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:
Նկատենք՝ գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունները և հատկապես մասնավոր հեռուստաընկերությունները ունենում են պարտքեր, և այս կարգավորումը կարծես թե ևս մեկ միջոց է ոչ ցանկալի լրատվամիջոցներին եթեր չթողնելու կամ եթերազրկելու համար. մի երևույթ, որ ողջ կյանքը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր»։