11/03/2023 10:10
«Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեցին «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը: Դեռ մի քանի օր առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի, թե մի տարածքում, որտեղ ոչ թե իրենց կազմակերպած-բերած մարդիկ են կամ մանիպուլյացիոն հնարքների անդառնալի զոհ դարձածներ, այլ գերազանցապես գիտակից մարդիկ, կարող են, մեղմ ասած, «անհարմարություններ» առաջ գալ, այդ թվում՝ որոշակի հարցադրումների, որակումների տեսանկյունից, ու, քանի որ մասնակցիների քանակը մեծ է, տարածքը՝ առավել ևս, անհնար կարող է լինել այդ ամենը վերահսկելը:
Սակայն, քանի որ պաշտոնապես հաստատված օրակարգում հստակ նշված էր, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու և ելույթ է ունենալու, զերծ մնացինք տեղեկությունը հրապարակելուց: Ավելին, վերջին երկու օրը տեղեկություններ էինք ստանում, որ ՄՀՀ-ում անվտանգության միջոցառումների իսկական «տեռոր» է, մասնակիցներին էլ զգուշացրել էին նույնիսկ գրանցվելուց կես ժամ շուտ գալ, քանի որ դռները փակվելու են, քանի դեռ Փաշինյանը ներսում կլինի: Երեկ, սակայն, միջոցառման սկզբից ընդամենը կես ժամ առաջ պարզվեց, որ Փաշինյանը ներկա չի լինելու: Մեր տպավորությամբ, նույնիսկ քպականները, որոնք եկել էին «շեֆի» ներկայությանը... ներկա լինելու, անակնկալի էին եկել և ապշահար դեմքերով էին շրջում»։